Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին, ով Նյու Յորքում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով, մամուլի ասուլիս անցկացրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկկողմ հանդիպումից հետո։
Կիսվելով Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մանրամասներով՝ Զելենսկին հայտարարեց, որ իր երկրի և Ռուսաստանի միջև ընթացող պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտին հասցվի՝ հավելելով. «Կարծում եմ՝ մենք բոլորս պետք է հնարավորինս արագ գործենք»։
Զելենսկին ընդգծեց, որ առաջնորդները պետք է միավորեն ջանքերը՝ վերջ դնելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին, որը շարունակվում է 2022 թվականի փետրվարից։
Հայտնելով, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Զելենսկին նշեց, որ Թրամփը կարող է աշխատել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով կազմակերպելու ուղղությամբ։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին նշել է, որ եթե նման հանդիպում կազմակերպվեր, երեք երկրների ղեկավարները կարող էին քննարկել պատերազմին առնչվող ամենակարևոր հարցերը՝ հավելելով. «Ես պատրաստ եմ եռակողմ հանդիպման, սակայն չեմ կարծում, թե Պուտինը պատրաստ է դրան։ Նա պատրաստ չէ ավարտել պատերազմը»։
Նշելով, որ պատերազմի համատեքստում քննարկել են նաև էներգետիկ հրադադարի հաստատման հարցը՝ Զելենսկին ասել է. «Մենք պատրաստ ենք էներգետիկ հրադադարի՝ պայմանով, որ (Ռուսաստանը) չթիրախավորի մեր էներգետիկ ոլորտը»։
Զելենսկին հայտարարեց, որ հրադադարի հասնելու վերաբերյալ Ուկրաինայի առաջարկները Ռուսաստանին կփոխանցվեն ԱՄՆ-ի կողմից։
Նշելով, որ նախկինում ԱՄՆ-ից հայցել էին համապատասխան արտոնագիր՝ «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգում կիրառվող հրթիռների արտադրության համար, Զելենսկին նաև հայտնեց, որ այդ հարցի շուրջ ԱՄՆ համապատասխան պաշտոնյաների հետ աշխատանքը շարունակվում է։





















