Թուրքիան Ստամբուլի հնագիտական թանգարաններում ցուցադրության է ներկայացրել Միացյալ Նահանգներից վերադարձված 100 մշակութային արժեք։ Միջոցառմանը ներկա են գտնվել Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը և Մանհեթենի շրջանային դատախազի օգնական Մեթյու Բոգդանոսը։
Միջոցառման շրջանակում բացվեց նաև «Փախուստ չկա․ Բուբոն» խորագրով ցուցահանդեսը, որը ներկայացնում է Թուրքիայի պայքարը մշակութային ժառանգության ապօրինի շրջանառության դեմ։
Վերադարձված հավաքածուն ներառում է 40 արտեֆակտ Թոքաթի Հորոզթեփեից (թվագրվում են մ.թ.ա. 2300–2000 թթ.), 44 տերակոտե ճարտարապետական վահանակ Բուրդուրի Դյուվերից (թվագրվում են մ.թ.ա. 700–480 թթ.), ինչպես նաև տարբեր արժեքավոր առարկաներ հնագույն Աֆրոդիսիաս քաղաքից՝ այդ թվում դիմանկար, թատերական դիմակներ և աստվածուհիների արձանիկներ։
Նախարար Էրսոյն ուշադրություն հրավիրեց գիտական հետազոտությունների, արխիվային փաստաթղթերի և միջազգային համագործակցության կարևորության վրա՝ մշակութային արժեքների հայտնաբերման և դրանց վերադարձն ապահովելու գործընթացում։
Էրսոյը նաև երախտագիտություն հայտնեց հետազոտողներին, լրագրողներին և հանրության այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել արտեֆակտների ծագումը պարզելու գործում։
Ցուցահանդեսի առանցքը կազմում են Բուրդուրում գտնվող հնագույն Բուբոն քաղաքից պեղված բրոնզե արձանները։
1960-ական թվականներին ապօրինի պեղումների արդյունքում հայտնաբերված այս արձանները մասնատվել և ցրվել էին տարբեր երկրների հավաքածուներում։
Պրոֆեսոր Ժալե Ինանի ղեկավարությամբ իրականացված հետազոտությունները, որոնք հենվում էին հնագիտական և գիտական վերլուծությունների վրա, հնարավորություն տվեցին պարզել այդ արտեֆակտների ծագումը և ապահովել դրանց վերադարձը Թուրքիա։
Նախարար Էրսոյը հայտարարեց, որ Բուբոնում 2023 թվականին վերսկսված պեղումները շարունակվում են։ Մեթյու Բոգդանոսը հայտնեց, որ Նյու Յորքի՝ հնությունների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանումը մինչ օրս հայտնաբերել և վերադարձրել է ապօրինի ճանապարհով տեղափոխված ընդհանուր առմամբ 6452 պատմական արտեֆակտ, այդ թվում՝ Թուրքիայից դուրս բերված 276 առարկա։
Բոգդանոսը հավելեց, որ մշակութային ժառանգության պաշտպանությունը պահանջում է ոչ միայն միջազգային համագործակցություն, այլև թանգարանների, աճուրդային տների, պատկերասրահների և մասնավոր հավաքորդների կողմից ավելի մեծ պատասխանատվության ստանձնում՝ արտեֆակտների ծագումնաբանությունը ստուգելու հարցում։
Ե՛վ Էրսոյը, և՛ Բոգդանոսն ընդգծեցին, որ գողացված պատմական արտեֆակտների վերադարձը էական նշանակություն ունի մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման համար։





















