Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով Ռուսաստանի սահմանամերձ Բելգորոդի մարզում երեք մարդ է զոհվել, իսկ ավտոբուսի վրա իրականացված հարձակման ժամանակ 19 մարդ վիրավորվել է։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հարձակումները։
Տարածաշրջանային պաշտոնյաները երեքշաբթի հայտնեցին, որ սահմանամերձ գյուղերից մեկում գտնվող ձեռնարկության վրա անօդաչու թռչող սարքով իրականացված հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել։
Բելգորոդի՝ տարածաշրջանի գլխավոր քաղաքի մերձակայքում գտնվող մի քաղաքի վրա իրականացված հարձակման հետևանքով ևս մեկ մարդ է զոհվել։
Ուկրաինական սահմանի մոտակայքում գտնվող Շեբեկինո քաղաքում ավտոբուս է կրակոցների ենթարկվել. տուժածներից բոլորը, բացի մեկից, բուժման նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։
Մոսկվան Ուկրաինային մեղադրեց Ռուսաստանի տարբեր շրջաններում ավտոբուսների վրա համակարգված հարձակումներ կազմակերպելու մեջ։
«Խելահեղ պնդում»
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ վերջին հարձակումը ցույց է տվել Ուկրաինայի «մոլագար համառությունը»՝ հասարակական տրանսպորտը թիրախավորելու հարցում՝ նպատակ ունենալով վրեժ լուծել շարքային քաղաքացիներից՝ ռազմաճակատում ունեցած աճող անհաջողությունների համար։
Ռուսաստանցի պաշտոնյաները հայտնել են, որ երեքշաբթի օրը Ուկրաինայի վերահսկողությունից դուրս գտնվող՝ Արևելյան Ուկրաինայի Դոնեցկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ավտոբուսում հինգ մարդ է վիրավորվել։ Միաժամանակ նրանք Ուկրաինային են մեղադրել անցյալ ամիս տեղի ունեցած մեկ այլ հարձակման համար, որի թիրախում բելառուս երեխաներին հանգստավայր տեղափոխող ավտոբուսն էր, և որի հետևանքով մեկ կին զոհվել էր, իսկ վեց երեխա՝ վիրավորվել։
Ուկրաինական բանակը, սակայն, մերժեց մեղադրանքը՝ այն անհիմն համարելով։



















