Թուրքական ավիաընկերությունը նոյեմբերի 11-ին կսկսի կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Չենդու՝ Չինաստանի տնտեսական, տեխնոլոգիական և զբոսաշրջային կարևորագույն կենտրոններից մեկը։
Թուրքական ավիաընկերության կորպորատիվ հաղորդակցության բաժնի հայտարարության համաձայն՝ Չենդուն կդառնա Չինաստանի չորրորդ քաղաքը, որտեղ թռիչքներ կիրականացնի ավիաընկերությունը՝ Պեկինից, Շանհայից և Գուանչժոուից հետո։
Չենդուն՝ Սիչուան նահանգի վարչական կենտրոնը և Չինաստանի առաջատար քաղաքներից մեկը (ավելի քան 21 միլիոն բնակչությամբ), հանդիսանում է էլեկտրոնիկայի, ավտոմոբիլաշինության, ավիատիեզերական արդյունաբերության, կենսատեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում գործող բազմաթիվ միջազգային ընկերությունների գործունեության վայր։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Գաստրոնոմիայի քաղաք» հռչակված այս քաղաքն ամեն տարի ընդունում է միլիոնավոր այցելուների՝ նրանց գրավելով ոչ միայն սիչուանյան խոհանոցով, այլև հսկա պանդաների բնական բնակավայր հանդիսացող՝ Հսկա պանդաների բազմացման Չենդուի գիտահետազոտական կենտրոնով։
Չվերթներն իրականացվելու են Boeing 787-9 Dreamliner ինքնաթիռով։
Ստամբուլ-Չենդու երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին, իսկ Չենդու-Ստամբուլ չվերթները՝ երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։
«Չենդու Տյանֆու» միջազգային օդանավակայան կատարվող թռիչքների համար կշահագործվի Boeing 787-9 Dreamliner ինքնաթիռը, որն ունի 300 նստատեղի տարողություն (30-ը՝ բիզնես դասի, 270-ը՝ էկոնոմ դասի)։
Առաջին ուղևորությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին
«TK226» չվերթի համարով Ստամբուլի օդանավակայանից մեկնող ինքնաթիռը Չենդու կժամանի տեղական ժամանակով 15:40-ին։ Չենդուից առաջին հետադարձ չվերթը՝ «TK227»-ը, կմեկնի նոյեմբերի 12-ին՝ ժամը 00:45-ին, և ինքնաթիռը կվայրէջք կատարի Ստամբուլի օդանավակայանում 05:55-ին։
Գործարկմանն ուղղված հատուկ ակցիայի շրջանակում Ստամբուլ-Չենդու և Չենդու-Ստամբուլ երթուղիներով էկոնոմ դասի՝ երկկողմանի ուղղությամբ տոմսերը կառաջարկվեն սկսած 540 դոլարից, իսկ բիզնես դասի տոմսերի գինը կսկսվի 1991 դոլարից։
։




















