ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է դիզելային վառելիքի արտահանումն արգելելու տարբերակը, սակայն նշել է, որ դա կարող է բացասաբար անդրադառնալ բենզինի գների վրա։
Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։
Երբ Թրամփին հարցրին՝ արդյոք նա որոշել է արգելել դիզելային վառելիքի արտահանումը, նա պատասխանեց, որ այդ հարցը հաճախ է քննարկել էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի և ներքին գործերի նախարար Դագ Բուրգումի հետ։
Թրամփը նշեց, որ Ռայթն ու Բուրգումը կարծում են, թե նման արգելքը կօգնի կարգավորել դիզելային վառելիքի գները, սակայն կարող է հանգեցնել որոշ այլ ապրանքների գների բարձրացմանը։
ԱՄՆ նախագահ Թրամփն ասել է. «Կարծում եմ՝ մենք բարենպաստ դիրքում ենք, քանի որ նավթի գները սկսելու են նվազել։ Այս պահին Հորմուզի նեղուցով հսկայական քանակությամբ նավթ է դուրս բերվում»։
Թրամփը նշել է, որ դիզելային վառելիքի գների հետ կապված խնդիրը պայմանավորված է ոչ թե Մերձավոր Արևելքում, այլ Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումներով։
Թրամփն ասաց. «Քանի որ այնտեղ դիզելային վառելիքի վերամշակման գործարանները բավականին մտահոգիչ տեմպերով շարքից հանվում են։ Եթե դա տեղի չունենար, մենք դիզելային վառելիքի հետ կապված խնդիր չէինք ունենա։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող իրադարձություններն, ըստ էության, դիզելային վառելիքի հետ կապված ամենամեծ խնդիրն են դարձել»։
ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռայթը նաև նշեց դիզելային վառելիքի մատակարարումների սղության մասին՝ պայմանավորված Ռուսաստանից դիզելային վառելիքի մատակարարումների դադարեցմամբ, և հայտնեց, որ Մերձավոր Արևելքից ու Չինաստանից ստացվող մատակարարումների ծավալներում ևս որոշակի կորուստներ են գրանցվել։
Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալներով՝ սեպտեմբերի 22-ին ԱՄՆ-ում դիզելային վառելիքի մեկ գալոնի միջին գինը հասել է ռեկորդային՝ 6,53 դոլարի։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ դիզելային վառելիքի մեկ գալոնի միջին գինը կազմել է 6,41 դոլար։























