Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր երկիրը չի ձգտում պատերազմի ԱՄՆ-ի հետ և պատրաստ է բանակցությունների միջոցով համաձայնության հասնել։
Մասուդ Փեզեշքիանը պատասխանել է Fox News-ի հարցերին Նյու Յորքում, որտեղ նա մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բացման շաբաթվա ընթացքում կայացող հանդիպումներին։
Երբ նրան հարցրել են՝ արդյոք Իրանը նախընտրում է պատերազմը, թե՞ համաձայնագիրը, Փեզեշքիանը հայտարարել է. «Մենք պատերազմ չենք ընտրում. պատերազմը մեզ պարտադրվել է, մենք պատերազմ չենք փնտրում»։
Փեզեշքիանն ընդգծեց Վաշինգտոնի հետ համաձայնագրի ուղղությամբ առաջ շարժվելու Թեհրանի պատրաստակամությունը՝ հղում կատարելով հունիսյան պայմանավորվածությանը, որը տապալվել էր Հորմուզի նեղուցի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով, սակայն սկզբնապես նախատեսում էր 60 օրվա ընթացքում վերջնական խաղաղ համաձայնագրի կնքում։
Երկու երկրների միջև շարունակվող լարվածության ֆոնին հաշտեցնողական հայտարարություններ անելով՝ Իրանի նախագահը հավելեց. «Մենք պայմանավորվածություն էինք ձեռք բերել ձեր նախագահի (Դոնալդ Թրամփի) հետ։ Դրա հիման վրա մենք պատրաստ ենք առաջ շարժվել և դեռևս ցանկանում ենք դա անել»։ Մասուդ Փեզեշքիանը նշեց, որ ԱՄՆ-ն պետք է որոշի՝ դադարեցնե՞լ փետրվարի 28-ից ի վեր ընթացող պատերազմը, թե՞ ոչ։
Հայտարարելով, որ Իրանը կկատարի միջազգային իրավունքով և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով (NPT) ստանձնած իր պարտավորությունները՝ Փեզեշքիանն անդրադարձավ Եմենի հուսիների հարցին՝ նշելով. «Հուսիները պատասխանատու են իրենց գործողությունների համար»։
«Նրանք մեզնից հրահանգներ չեն ստանում», — ասել է նա։ Փեզեշքիանը նշել է, որ մոտ մեկ ամիս առաջ «անձամբ» հանդիպել է Իրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ (ում ողջ լինելու կամ չլինելու վերաբերյալ ենթադրություններ էին շրջանառվում), շուրջ յոթ ժամ անցկացրել նրա հետ և նրա առողջական վիճակը գնահատել «գերազանց»։






















