Անվտանգության ուժերը պարզում են, թե ինչպես են գողերը մուտք գործել թանգարան՝ չգործարկելով ազդանշանային համակարգերը, և թե ով է կանգնած այդ միջադեպի հետևում։
Ըստ իտալական ANSA լրատվական գործակալության՝ քննիչները կենտրոնանում են այն վարկածի վրա, որ նկարները պատվերով գողացվել են արվեստի գործեր որսացող՝ սև շուկայում գործող հանցագործների կողմից։
Թանգարանի տնօրեն Մարիսա Մերկուրիոն հայտնել է, որ, ըստ նրանց գնահատումների, գողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 21:50-ի սահմաններում՝ միջադեպը որակելով որպես մեծ կորուստ թանգարանի, քաղաքի և արվեստի աշխարհի համար։
Աշխատանքները թվագրվում են 15-րդ դարով
Սան Գրեգորիոյի պոլիպտիխը, որը 1473 թվականին ստեղծել է Սիցիլիայում ծնված ու մեծացած և Վաղ Վերածննդի նշանավոր գեղանկարիչների շարքին դասվող Անտոնելլո դա Մեսսինան, պատկերում է Սուրբ Կույս Մարիամին՝ մանուկ Հիսուսի հետ։
Ենթադրվում է, որ Տիրամորն ու Քրիստոսին պատկերող փոքր, երկկողմանի վահանակն օգտագործվել է անհատական աղոթքի համար։ Մեսինայի քաղաքապետ Ֆեդերիկո Բազիլեն խորը վրդովմունք է հայտնել միջադեպի կապակցությամբ՝ նշելով, որ թույլ չեն տա գողանալ Մեսինայի պատմությունը։
Եվրոպայում թանգարանային գողություններն ավելացել են
Այս միջադեպը գրանցվել է որպես Եվրոպայի տարբեր երկրների թանգարանների դեմ ուղղված գողությունների շարքի վերջին դեպք, որի հետևանքով անհետացել են անգին արտեֆակտներ։
Անցյալ տարվա վերջին մի խումբ ցերեկով ներխուժեց Փարիզի (Ֆրանսիա) Լուվրի թանգարան և գողացավ միլիոնավոր եվրո արժողությամբ պատմական զարդեր։























