Fox News-ի լրագրող Թրեյ Յինգստի հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակի հարց է, թե երբ կարող է անհրաժեշտություն առաջանալ «ոչնչացնել» Իրանը, եթե վերջինս չընդունի ԱՄՆ-ի պահանջները։
Թրամփը նշել է, որ դիտարկվող տարբերակների թվում են Իրանի լիակատար ոչնչացումը, երկիրը տնտեսական փլուզման մատնելը կամ համաձայնության գալը։
Այս հայտարարություններին նախորդել էր Թեհրանի վարչակազմի նախազգուշացումն առ այն, որ ԱՄՆ-ն կամ Մերձավոր Արևելքի որևէ այլ երկիր կենթարկվի ծանր հարվածների, եթե սխալ թույլ տա։
Միաժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը տարածաշրջանում գտնվող ամերիկացիների համար անվտանգության վերաբերյալ նախազգուշացում է հրապարակել։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Հոսեյն Մոհեբբին մեկնաբանել է իր երկրի դեմ ԱՄՆ-ի հնարավոր նոր հարձակումը՝ նշելով. «Եթե նոր հարձակում տեղի ունենա, մեր պաշտպանական և հարձակողական գործողությունները էապես կփոխվեն։ Նոր հարձակման դեպքում մենք կփոխենք սպառազինության բնույթը և հակամարտության աշխարհագրությունը»։
Մոհեբբին այս հայտարարությունն արել է հեռուստահաղորդմանը մասնակցելիս։
Գնահատելով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա նոր հարձակման հավանականությունը՝ Մոհեբբին հայտարարեց.
«Եթե նոր հարձակում տեղի ունենա, մեր պաշտպանական և հարձակողական գործողությունները էական փոփոխությունների կենթարկվեն։ Նոր հարձակման դեպքում մենք կփոխենք սպառազինության բնույթն ու հակամարտության աշխարհագրությունը։ Մենք կկիրառենք առաջադեմ հնարավորություններով օժտված նոր զինատեսակներ, որոնք կապշեցնեն աշխարհին։ Մեր թիրախները նախկինի պես չեն. մենք բացահայտել ենք նոր թիրախներ, որոնց դեռևս հարված չի հասցվել»։






















